National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
1 / 3

Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ներկայիս քաղաքական մակարդակը եւ կարեւորեց երկկողմ բարձրաստիճան այցելությունների, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք են առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում լիարժեք համագործակցություն ծավալելու համար: Չնայած Հայաստանի տնտեսության մեջ կատարված արտասահմանյան ներդրումների ծավալով Արգենտինան զբաղեցնում է երրորդ տեղը շնորհիվ անվանի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խոշոր ֆինանսական ներդրումների, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Պարոն Աբրահամյանը նշեց, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերի շնորհիվ գործնական նոր ասպարեզներ գտնել այն առավելագույնս օգտագործելու համար: «ՀՀ Ազգային ժողովը շահագրգռված է Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ էլ ավելի զարգացնելու միջխորհրդարանական կապերը, քանզի բոլորս էլ գիտակցում ենք համագործակցության այս ձեւաչափի մեծ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ մեր այցը դրական տեղաշարժ կարձանագրի մեր երկու բարեկամ պետությունների հարաբերություններում»,- ասաց ԱԺ նախագահը: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ երկու խորհրդարաններում ստեղծվել են պատգամավորական բարեկամության խմբեր, որոնք իրենց գործունեությամբ կարող են նպաստել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ շփումների ակտիվացմանը: Կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Արգենտինա պաշտոնական այց կատարելու համար` Ամադո Բուդուն բարձր գնահատեց հայ-արգենտինյան բարեկամական հարարաբերությունները: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը: «Վստահ եմ, որ ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ կխթանի բազմակողմ համագործակցությունը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր ունի հայկական համայնքը, որը կարեւոր ներգրավվածություն ունի Արգենտինայի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Հայերը մեծ ներդրում ունեն մեր երկրի բարգավաճման եւ հզորացման գործում»,- ասաց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն: Նա կարեւոր համարեց նաեւ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված Արգենտինայի չեզոք դիրքորոշումը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշմանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց 2006 թ-ին Արգենտինայի Ներկայացուցիչների պալատի, ապա նաեւ Սենատի կողմից ընդունված օրինագծի համար, համաձայն որի` երկրում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հովիկ Աբրահամյանը Ամադո Բուդուին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Ազգային կոնգրեսի շենքում:

Նշենք, որ հանդիպումը ուղիղ հեռարձակվում էր Արգենտինայի կենտրոնական հեռուստատեսությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am